Գագիկ Ծառուկյանի հետ նույն հարթակում գտնվող ՀԱԿԿ անդամները ոչ թե շիտակությունը, միտքը, գաղափարն են առաջնահերթ դիտարկում, այլ դիտարկում են նյութը, փողը, հետեւաբար՝ պատահական չէ, որ իրենք 10-րդ պլանում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նա նշեց, որ շատ չի հետեւում եռյակի գործունեությանը, պարզապես ուզում է հասկանալ, թե ինչ են ուզում այդ մարդիկ անել այս երկրի հետ, ինչպես են տեսնում երկրի զարգացումը, սակայն դա պարզ չէ ոչ միտինգներից, ոչ էլ քաղաքական որոշոևւմներից՝ « ինչ կա պահպանելու են, պարզապես ուզում են տեղերով փոխվել»:

Հարցին, թե որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի, Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի եւ մնացած ՀԱԿ անդամների մի ժամանակվա դաշնակից՝ ձեր սիրտը չի ցավում, որ նրանք այսօր Գագիկ Ծառուկյանի կողքին երկրորդ պլան են մղված: «Եթե երկրորդ պլան են մղվում, դա իրենց մեղքն է, իրենք են իրենց երկրորդ պլան մղում, մարդը միշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի, որտեղ իր տեղն է, իրենք հիմա երկրորդ պլանի մարդիկ են, եթե քեզ զգում ես առաջին պլանի մարդ եւ քո ասելիքը, անելիքը անկեղծ է, ո՞վ կարող է  քեզ մղի այլ պլան, դու այնտեղ ես, որտեղ ինքդ քեզ զգում ես եւ դնում ես: Օլիգարխի հետ հարթակում իրենք պետք է լինեն երկրորդ պլանում, իրենք ոչ թե շիտակությունը, միտքը, գաղափարն են առաջնահերթ դիտարկում, այլ դիտարկում են նյութը, փողը, իսկ էդ հարցում առաջին պլանում օլիգարխն է, 10-րդ պլանում՝ իրենք: Շախմատում զինվորը լուրջ ֆիգուրա է, որովհետեւ երբ հասնում է մինչեւ վերջ, շանս ունի թագուհի դառնալու, իրենք այդ շանսն էլ չունեն, պետք է միջոցների, բիրտ ուժի շնորհիվ ապահովեն պրոցես, դրա արդյունքը չի կարող լինել լավ ժողովրդի համար, դա կարող է լինել լավ մի քանի բիրտ ուժ կամ ֆինանսական ռեսուրս օգտագործողների համար»,-ասաց նա:

Սոս Գիմիշյանն ասաց, որ ՀԱԿ ստեղծելը փայլուն գաղափար էր, իսկ ՀԱԿԿ-ն՝ շարքային գաղափար, ու եթե այն առողջ հիմքի վրա լիներ, առողջ մարդիկ լինեին առաջին շարքերում, այդ դեպքում կհարատեւեր կառույցը եւ հաջողության կհասներ: