Դերասանի Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր՝ նոյեմբերի 7-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լրացում կատարեց վթարի վայրի զննության արձանագրությունը անթույլատրելի ճանաչելու միջնորդության մեջ՝ ներկայացնելով նոր հանգամանքներ։
Պաշտպանի հայտարարեց, որ արձանագրությունը անթույլատրելի պետք է ճանաչվի, քանի որ հայտնի չէ, թե ով է եղել արձանագրության տակ ստորագրած երկրորդ ընթերական։
«Դատաքննության ժամանակ հնարավոր չեղավ պարզել՝ ով է մասնակցել որպես ընթերակա։ Այդ մարդը ոստիկանության աշխատակից, կամ կողմերին մերձավոր անձ է եղել, թե ոչ։ Մեղադրող կողմը չի ապացուցել՝ ընթերական բացարկման ենթական անձ է եղել թե ոչ։ Մենք ընթերակային բացարկ հայտնելու իրավունք ունենք»,- ասաց փաստաբանը։
Ըստ պաշտպան Բաղդասարյանի՝ արձանագրությունը չի կարող օգտագործվել որպես ապացույց, քանի որ զննության արձանագրության տակ ստորագրել է քաղաքացի, որը չի մասնակցել զննությանը. «Հաստավեց նաեւ, որ քննչական գործողության մասնակից Վռամ Վարդանյանը, որը ստորագրել է արձանագրության տակ, չի մասնակցել զննության, եւ նրանց չեն բացատրել իրենց իրավունքները եւ պարտականությունները»։
Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ քննիչ Հայկարամ Հակոբյանի կազմած՝ դեպքի վայրի զննության արձանագրությունը անթույլատրելի պետք է ճանաչվի, քանի որ զննությանը որպես մասնագետ ներգրավված Թորգոմ Եգորյանը չունի հատուկ մասնագիտական գիտելիքները հաստատող փաստաթուղթ։
«Ըստ քրեական դատավարության օրենսգրքի՝ մասնագետը պետք է ունենա հատուկ մասնագիտական գիտելիքները։ Մասնագետ ներգրավելիս քննիչը պետք է ծանոթանա փորձագետին տրված հատուկ որակավորումը հաստատ փաստաթղթին։ Այսպես է որոշել մեր օրենսդիր մարմինը։ Եթե մասնագետը եւ փորձագետը չունեն նման որակավորում, ապա քրեական գործով որպես մասնագետ չեն կարող հանդես գալ։ Թորգոմ Եգորյանը ցուցմունք է տվել, որ ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, բայց հատուկ որակավորում չունի։ Նա իրավունք չուներ մասնակցել որպես մասնագետ։ Նրա կողմից չեն հայտնաբերվել եւ չի լուսանկարվել մի շարք հետքեր։ Եթե չունի որակավորում, անձը չի կարող քննչական գործողության մասնակցել՝ անկախ նրանից, նա այդ գիտելիքներին տիրապետում է, թե ոչ։ Բայց նա ոչ միայն չուներ որակավորում, այլեւ չէր տիրապետում այդ գիտելիքներին։ Նա բացարկի է ենթարկա։ Ըստ օրենքի՝ ապացույցը չի կարելի թուլատրելի համարել, եթե այն ձեռք է բերվել բացարկման ենթակա անձի մասնակցությամբ»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը։
Պաշտպանի խոսքով՝ դատաքննության ժամանակ հաստատվեց նաեւ այն, որ քննիչը զննության մասնակիցներին չի բացատրել իրենց իրավունքները, պարտականությունները եւ պարտականությունները չկատարելու դեպքում հետեւանքները, ինչը հակասում է օրենքին։
Նիկոլայ Բաղդասարյանը քննիչի կողմից թերացում համարեց նաեւ այն, որ նա դեպքի վայրի արձանագրության մեջ չի նշել, թե ինչ տեխնիկական միջոցներ են կիրառվել, եւ ինչպես են դրանք պահպանվել։
Պաշտպանը նկատեց, որ քննիչն արձանագրության մեջ կատարել է ուղղումներ, բայց չի պահպանել օրենքով սահմանված կանոնները։
«Ակնառու երեւում է, որ կատարվել են ուղղումներ, չափումների մեջ
փոփոխվել են թվային տվյալներ։ Եթե ուղղումներ են կատարվում, ապա զննության մասնակիցները պետք է ստորագրեն՝ փաստելու համար, որ իրենց գիտությամբ են կատարվել այդ ուղղումները, բայց դրանք չկան»,- նշեց պաշտպանը։
Պարոն Բաղդասարյանը դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելում միջնորդությունը հիմանավորեց նաեւ նրանով , որ արձանագրության գծագրի մեջ որոշ հետքերը չեն համապատասխանում իրական հետքերին . «Կա լուսանակար, որ ինքը՝ քննիչը, մետրը ձեռքին գծում է այդ հետքը, բայց գծագրի մեջ չկա արտացոլված հենց այդ հետքը»։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։




























