Հոկտեմբերի 29-ին «Կաֆե հաուս» սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Մեր աղբյուրները հայտնեցին, որ վիճաբանության պատճառը աղջիկ է, որին սիրում են պատգամավոր Արթուր Ստեփանյանի որդին եւ այդ սրճարանի տիրոջ եղբոր որդին: Դեպքի օրը նրանք սրճարանում հավաքվել են քննարկելու այդ աղջկա հետ կապված հարցեր: Քննարկումը վերածվել է վիճաբանության, դա էլ ծեծկռտուքի: Ասում են, թե պատգամավորը այնտեղ էր գնացել Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Գեւորգ Ղազարյանի հետ եւ հենց նրանց կողմնակիցներն էլ ծեծել են սրճարանի սեփականատիրոջը, նրա եղբորուն եւ վերջինիս որդուն՝ Բեժանյաններ Աշոտին, Կարենին եւ Սամվելին: Մեր աղբյուրները հայտնեցին, որ պատգամավորն ու թաղապետը այդ գործով ընդամենը վկա են անցնում:
NEWS.am-ի ունեցած տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանին, ով ոչ հաստատեց, ոչ հերքեց դրանք:




























