2012թ. նոյեմբերի 5-ին Մեղրիի զորամասերից մեկի մարտական դիրքում 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանի ինքնասպանության գործով տուժողի փաստաբան Ռուբեն Մարտիրոսյանը այսօր՝ նոյեմբերի 7-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատավորական կազմի նկատմամբ բացարկի միջնորդություն ներկայացրեց։
Ռուբեն Մարտիրոսյանը նշեց, որ սույն դատավորական կազմը քննել է նաեւ զինծառայողներ Արտակ Նազարյանի, Թորգոմ Սարուխանյանի եւ Ալբերտ Ադիբեկյանին սպանության գործերը եւ համանման քրեական գործերով չի կայացրել օրինական որոշումներ, չի բավարարել տուժող կողմի միջնորդությունները, կատարել է պատվերներ, սպանության դեպքերը որակել է որպես ինքնասպանություն՝ որոշում կայացնելով գործերը քննել վճռաբեկության կարգով, այն է՝ չքննել գործի ապացույցները եւ չհարցաքննել վկաներին։ Ուստի, ըստ Մարտիրոսյանի՝ դատավորական կազմը չի կարող սույն գործով օբյեկտիվ քննություն կատարել։
«Իմ ձեռքի տակ կան անհերքելի ապացույցներ, որ սույն դատավորական կազմը զինվորական սպանություների առնվազն 3 գործով կայացրել է անհիմն, ապօրինի որոշումներ,ակնհայտ սպանության գործը որակել ինքնասպանության գործ։ Արդյունքում 9 անմեղ երիտասարդներ են պատժվել, իսկ մարդասպանները գտնվում են ազատության մեջ։ Սարգիս Սահակյանի գործը եւս տրվել է հենց այս նույն կազմին։ Ես համարում եմ, որ սա պատվերով գործ է»,- ասաց պաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը։
Տուժողի իրավահաջորդի մեկ այլ ներկայացուցիչ Սյուզաննա Խչեյանը եւս միացավ դատավորական կազմի բացարկի միջնորդությանը։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավորական կազմը խորհրդակցությունից հետո որոշում կայացրեց չբավարարել միջնորդությունը։
«Քննելով միջնորդությունը՝ Վերաքննիչ դատարանը եկավ այն հետեւության, որ ներկայացված միջնորդությունը անհիմն եւ ստահոդ է, չի բխում ՀՀ քրեական օրենսդրությունից եւ ենթակա է մերժման»,- հայտարարեց նախագահող դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը։
Պաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության մերժումն անսպասելի չէր։
«Համոզված էի, որ կմերժեն, քանի որ իրենց պատվեր է տրված եւ հրամայված է այս եւ բազմաթիվ նմանատիպ այլ գործեր կոծկել։ Այս պահին մտածում եմ, թե արդյոք կկարողանամ իրենց հայտարարած ստահոդ բառի համար իրենց պատասխանատվության ենթարկել։ Դա այս ամբողջ այլանդակության դեմն առնելու միակ ճանապարհն է»,- ասաց Ռուբեն Մարտիրոսյանը։
Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալ Սամվել Մովսիսյանի՝ դատարան չներկայանալու պատճառով։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 28-ին։
Հիշեցնենք, որ Արթուր Միսակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով N զորամասի զինծառայող, կոչումով կրտ. սերժանտ, մարտական դիրքում տարբեր օրերի պարբերաբար հալածել է համածառայող Սարգիս Սահակյանին ` հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, ապա նույնը շարունակել հարակից մարտական հենակետի ավագի օգնական Արտաշես Խաչատրյանի հետ միասին՝ հալածել և քննադատել Ս.Սահակյանին, ինչի հետևանքով վերջինս իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է կատարել։
Ավագ լեյտենանտ Գոռ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որպես հենակետի ավագ չի կանխել Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի անօրինական գործողությունները։
Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ հարակից հենակետի դիտորդներ
Գառնիկ Գրիգորյանին եւ Սամվել Մովսիսյանին այն բանի համար, որ նրանք մարտական հենակետը լքել են առանց առանց համապատասխան թույլատվության եւ Արտաշես Խաչատրյանի հետ գնացել հարակից մարտական հենակետ։




























