Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը խիստ տրամաբանական է համարում Հարություն Սարգսյանի այդ պաշտոնում նշանակվելը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը:
Նա նշեց, որ նորանշանակ մարզպետի մասին միայն դրական կարծիք ունի, նրա աշխատանքում երբեւէ խնդիրներ չի տեսել եւ տրամաբանական է Հարություն Սարգսյանի նշանակումը, քանի որ վերջինս բավարար փորձառություն ունի թե տեղական ինքնակառավարման ոլորտում, թե որպես փոխմարզպետ: Կկարողանա Հարություն Սարգսյանը շարունակել իր աշխատանքը, թե ոչ, Էդգար Ղազարյանն ասաց, որ հաջորդականության սկզբունքով չէ, այլ սեփական պատասխանատվության սկզբունքով, ամեն մարզպետ ստանձնում է կառավարությունից լիազորություններ եւ իրականացնում է տարածքային քաղաքականությունը: Նորանշանակ մարզպետը դիմել է խորհուրդների համար, թե ոչ հարցին ի պատասխան՝ Էդգար Ղազարյանն ասաց, որ դրա կարիքը նա չունի, մարզպետարանը ունի աշխատակազմ, որը ստեղծված է ապահովելու նրա գործունեությունը, մասնագիտական աջակցություն ցուցաբերելու եւ հենց առաջին խորհրդակցությունից հետո կանցնի իր պարտականությունների կատարմանը եւ անհրաժեշտ տեղեկություններ կստանա մարզպետարանի աշխատակիցներից:
Ի դեպ, Էդգար Ղազարյանը՝ որպես Լեհաստանի ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նոր աշխատանքին կմեկնի նոյեմբերի երկրորդ կեսին:




























