Նոյեմբերի 5-ի գործով դատական առաջին նիստից առաջ դատարանի մոտ 5 ոստիկանների վիրավորած Հայկ Կյուրեղյանի գործով դատական առաջին նիստին այսօր՝ նոյեմբերի 7-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են գնացել ինչպես Հայկի ընտանիքի անդամները, այնպես էլ մի տասնյակից ավելի քաղաքացիներ՝ Հայկի լուսանկարը ձեռքներին: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստերի դահլիճը լեփ-լեցուն է, դատարանում են նաեւ Նոյեմբերի 5-ի գործով դատապարտյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությույանը եւ նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը:

«Մենք եկել ենք աջակցելու Հայկ Կյուրեղյանին, քանի որ Հայկը Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նման քաղբանտարկյալ է: Հայկի արարքը ըմբոստություն էր անարդարության դեմ: Այն շատ քչերի կողմից է ճիշտ ընկալվում, Հայկին փորձում են անհավասարակշիռ մարդու կերպարով ներկայացնել եւ այսօր Հայկի նկատմամբ դաժան հաշվեհարդար է իրականացվում: Նա զոհողությունների գնաց անարդարության դեմ, փորձեց իր բողոքն արտահայտել»,-NEWS.am-ին ասաց Ռուզաննա Բադալյանը՝ հիշեցնելով, որ Հայկ Կյուրեղյանն ընդամենը խաղալիք ատրճանակ էր օգտագործել, ինչի համար էլ նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել:

Ըստ Ռուզաննա Բադալյանի՝ Հայկի նկատմամբ մեղադրանք առաջադրելով ոստիկանությունը փորձում է վախեցնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն պայքարել անարդարությունների դեմ:

Շահեն Հարությունյանի կարծիքով նույնպես Հայկի արարքի մեջ հանցագործության որեւէ նշան չկա, նա ընդամենը փորձել է իր խոսքը գործի վերածել:

«Հայկը փորձեց գործով պաշտպանել Շանթին: Որոշներն ասում են՝ նա հանցագործություն է կատարել, բայց եթե նա ցանկանար վնասել մեկին, խաղալիք ատրճանակով չէր կրակի: Նրա արարքն ակցիա էր, մեսիջ էր ժողովրդին, որ հերիք է լռեք, ձեր խոսքը պետք է գործով ապացուցեք»,- NEWS.am-ին ասաց Շահեն Հարությունյանը:

Դահլիճում հավաքվածները «հերոս, հերոս» վանկարկումներով դիմավորեցին Հայկ Կյուրեղյանին, դահլիճում է նաեւ ամբաստանյալի մայրը, որն անդադար արտասվում է:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել է մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին հաջողվել էր նրան վնասազերծել ու տանել ոստիկանություն։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, Հայկ Կյուրեղյանը կալանավորված է: