Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը պարզապես ցանկանում է իր վստահորդին և նրա հարազատներին ցույց տալ իր կատարած մեծածավալ աշխատանքը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասանի մասնակցությամբ վթարի գործով դատական հերթական նիստին հայտարարեց դատախազ Արթուր Սարգսյանը՝ կարծիք հայտնելով դեպքի վայրի զննության արձանագրությունը անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ՝ Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած ծավալուն միջնորդության մասին։

«Մի քանի անգամ օրենքի հոդվածները բառացիորեն վկայակոչվեցին, այնուհետև պարոն Բաղդասարյանը մեզ համար հասկանալի լեզվով բացատրեց, թե ինչ է գրված օրենքում: Նորից եմ ասում, սա ընդամենը աշխատանք ցույց տալու տպավորություն էր ստեղծում, և  դա նրան հաջողվում է»,- նշեց դատախազը:

Դատախազը ընդունեց, որ քննիչը արձանագրությունը կազմել է թերություններով, բայց, ըստ նրա, դրանք ձեւական բնույթի են եւ չեն առնչվում բովանդակությանը. «Կան խախտումներ, բայց դրանք ոչ մի կերպ չեն ազդել քննչական փորձարարության արդյունքների վրա»:

Ռուբեն Բալոյանն ասաց, որ պաշտպանական կողմից նիստը ձգձելու միտում է տեսնում, քանի որ Նիկոլայ Բաղդասարյանը նույն միտքը կրկնում է 7-8 անգամ.

«Մեր կողմից որևէ ձգձգումներ չկան: Մենք չենք ցանկանում, որ ամբաստանյալը ավելորդ օրեր անցկացնի մեկուսարանում, բայց, հաշվի առնելով միջնորդության կարևորությունը, ես ստիպված ժամանակ պետք է խնդրեմ: Ես այդ փաստերը հատ-հատ պետք է ստուգեմ, ինձ քսան օր է պետք, որ գրավոր իմ դիրքորոշումը հայտնեմ»,- ասաց պաշտպանը եւ ավելացրեց,- «Ես ծանրաբեռնված եմ եւ հանգստի կարիք էլ ունեմ, եթե անկեղծ ասեմ»։

Դերասանի պաշտպանները փաստաբանին կոչ արեցին «վերադառնալ օրենսդրական դաշտ» եւ դատավորին խնդրեցին միջնորդությանը ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ սահմանել:

Դերասան Վարդան Պետրոսյանը, կարծիք հայտնելով Բալոյանի՝ նիստը 20 օրով հետաձգելու միջնորդության մասին, ասաց, որ ինքը «կալանքը  կրում է լուռ, անտրտունջ» եւ դատարանի հայեցողությանը թողեց  որոշումը:

«Ինձ համար կարևոր է, որ լինի օբյեկտիվ որոշում: Զգացված եմ Ռուբեն Բալոյանի հայտարարությունից, որ նա չի ուզում, որ ես ավել մի քանի օր նստեմ Նուբարաշենի մեկուսարանում: Ուղղակի հիշեցնեմ, որ ես այնտեղ գտնվում եմ տուժածների նամակի ֆոնի վրա»,- ասաց Վարդան Պետրոսյանը:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը Ռուբեն Բալոյանի միջնորդությունը բավարարեց մասնակի, հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 19-ին:

Նշենք, որ դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը հանդես է եկել վթարի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու միջնորդությամբ՝ մատնանշելով, որ այն ձեռք է բերվել քննչական գործողությունների խախտմամբ: Ըստ պաշտպանի, այդ արձանագրության վավերականությունը որոշելը կարեւոր է այնքանով, որ եթե այն անվավեր ճանաչվի, դերասան Վարդան Պետրոսյանը ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։