Գողության եւ բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանը, որին սպառնում է 18 տարվա ազատազրկում, այսօր՝ նոյեմբերի 7-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկավ պաշտպանական ճառով՝ պնդելով, որ ինքը իրեն վերագրվող հանցագործությունը չի կատարել, եւ դատարանից պահանջեց արդարացի վճիռ կայացնել։

Ճառի ընթացքում մեղադրյալը անձնական բնույթի վիրավորանքներ հնչեցրեց դատարանի, տուժողի եւ մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հասցեին, ինչի համար երկու անգամ նախազգուշացվեց։

«Նշված հորինված մեղադրանքներն իմ հասցեին ամբողջությամբ սուտ են։ Ես նման արարքների ընդունակ մարդկանց համարում եմ սրբապիղծ տականք, իսկ անմեղ անձին այսպիսի արարքների մեջ անհիմն մեղադրողին համարում եմ ազգի դավաճան»,- ասաց մեղադրյալը։

Էդգար Վարագյանը սկզբում հրաժարվեց հանդես գալ ճառով՝ պահանջելով, որ դատարան ներկայանա տուժողի ներկայացուցիչը, եւ հայտնի տուժող կողմի վերջնական դիրքորոշումը համաձայնության գալու իր առաջարկի վերաբերյալ։

«Ես դա ուզում եմ իմ անվան, իմ խղճի համար։ Ես պետք է իմանամ, թե նրանց պատժելու ժամանակ ոնց վարվեմ նրանց հետ։ Կգա մի օր, որ ես ինքս կպատժեմ ու պատժելու եմ նրանց»,- ասաց Էդգար Վարագյանը։

Դատավորը մեղադրյալի այս հայտարարությունը որակեց որպես սպանության սպառնալիք։

«Ու՞մ եք պատժելու, ինչպե՞ ս եք ուզում պատժել, ասեք, հասկանանք, միգուցե ձեր ասածներում ենթադրյալ հանցագործության սպառնալիքներ կան, եւ հարկավոր է համապատասխան վերաբերմունք ցույց տալ»,- ասաց դատավոր Մեսրոպ Մակյանը։  

Մեղադրյալ Էդգար Վարագյանը զգուշացվելուց հետո սկսեց իր ճառը, որում պնդում էր, թե տուժող Ք. Բաղումյանը վերջին 5-6 տարիների ընթացքում նմանատիպ սցենարով մի քանի անգամ դիմել է իրավապահ մարմիններին՝ բողոքելով, որ իր տան վրա ավազակային հարձակում է կատարվել, իրեն առեւանգել եւ բռնաբարել են։

«Ես շատ կուզենայի իմանալ, թե էդ ո՞ր մի անասունը դրան կբռնաբարի, վիճակը տեսե՞լ եք, ո՞ր մի տղամարդը կուզենա նման անձին բռնաբարի կամ որեւիցե գործողություն կատարի նրա հետ։ Ք.ն ինձ եւ մի քանի անձանց իր տան շինարարության համար պարտք է մնացել բավական մեծ գումար։  Բոլոր անձանց, ում նա խաբել է, անխտիր բոլորի նկատմամբ բողոք է ներկայացրել։ Իմ ծնողներից մեծ գումար է պահանջել, որպեսզի բողոքը ետ վերցնի եւ փոխի սուտ ցուցմունքը»,- ասաց Էդգար Վարագյանը։

Մեղադրյալը նաեւ նշեց, որ տուժող Ք. Բաղումյանը եւ գործով վկա Գեւորգ Ավագյանը վաղեմի մտերիմներ են, եւ վերջինի ցուցմունքի վրա հիմնվելն անթույլատրելի է։ Իսկ այն հողատարածքը, որտեղ իբր թե բռնաբարելուց հետո ինքը թողել է տուժողին, պատկանում է հենց տուժողին։

Աշխատանքային օրվա ավարտի պատճառով դատավորը ընդհատեց մեղադրյալին պաշտպանական ճառը՝ խոստանալով շարունակությունը լսել հաջորդ դատական նիստին։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 13-ին։

Նշենք, որ Ք. Բաղումյանը նիստին չէր մասնակցում։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Վարագյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին դիմակավորված մտել է Ք.Բ.-ին պատկանող տուն, զենքի սպառնալիքով կապել Ք.Բ.-ի և նրա դստեր՝ անչափահաս Է.Ս.-ի ձեռքերը, հափշտակել ոսկյա զարդեր ու 5000 ԱՄՆ դոլար գումար, նաեւ արժեքավոր գույք, ապա հարկադրաբար մորն ու դստերը տեղավորել նրանց իսկ պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, տեղափոխել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք, որտեղ բեռնախցիկից դուրս բերելով մորը՝ իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն, այնուհետեւ բեռնախցիկից դուրս է հանել նրա դստերը և մոր հետ նրան թողնելով դաշտում՝ նրանց ավտոմեքենայով հեռացել է:

Վարագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ հինգ հոդվածներով, այդ թվում՝ ավազակություն, առեւանգում, հափշտակություն, բռնաբարություն։  Դատախազը նրա համար պահանջել է 18 տարվա ազատազրկում։