Պաշտպանության նախարարության Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ հունվարի 13-ին տեղափոխված N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանի գործով դատավարությունն անընդհատ հետաձգվում է: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով կալանավորված բուժծառայության պետ, կապիտան Արման Թադեւոսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ ոչ Մհեր Խլղաթյանը, ոչ էլ նրա փաստաբանը դատարան չեն ներկայանում: Թե ինչն է պատճառը եւ արդյոք Լիպարիտ Սիմոնյանը միտում է տեսնում, վերջինս չցանկացավ մեկնաբանել:
Նախաքննության ընթացքում Մհեր Խլղաթյանի փաստաբան Հունան Բաբայանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն այլեւս ծեծված զինվորի շահերը չի պաշտպանում:
Նշենք, որ այս գործով դատավարությունը սկսվել է սեպտեմբերի 24-ից:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 13-ին, ժամը 02-10-ի սահմաններում ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:
Գործի շրջանակներում բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադեւոսյանը կալանավորվել էր հունվարի 17-ին, նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին մասի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը): Զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը եւ դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Սամվելի Մնացականյանը կալանավորվել էին հունվարի 18-ին, նրանց մեղադրանք էր առաջադրվել 358.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին նկատմամբ բռնություն գործադրելը) եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով:




























