Ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի կապի կենտրոնից, նոյեմբերի 7-ին, ժամը 04.10-ին, Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քոչարյան փողոցի 4/1 հասցեում գտնվող խանութում միացել է տագնապի ազդանշանային համակարգը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել պահպանության բաժնի խումբը` օպերատիվ խմբով, եւ ժամը 04.30-ին բերման ենթարկել 36-ամյա Մաքսիմ Ա.-ին: Նա խոստովանել է, որ ընկերոջ` ոմն Գագիկի հետ նույն օրը, ժամը 04.00-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, խանութի մուտքի դուռը կոտրելով՝ մտել են ներս եւ գողություն կատարել:
Նույն օրը, ժամը 05.00-ին, խանութի տնօրենից ընդունվել է հաղորդում, որ խանութից գողացել են կանխիկ գումար եւ 2 շիշ կոնյակ` պատճառելով մոտ 100.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Մաքսիմ Ա.-ն ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գագիկի անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:



























