Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը երկրորդ նկատողությունն է ստացել եւ հեռացվել աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վլադմիր Խոեցյանը` նշելով, որ ռեկտորն իրեն աշխատանքից ազատել է աշխատանքային օրենսգրքի խախտումով։

«Երկրորդ նկատողությունն է տվել ու աշխատանքից հեռացրել, երբ իր տված առաջին նկատողությունը դեռ դատական վարույթի մեջ է: Իսկ աշխատանքային օրենսգրքում նշված է, որ եթե նկատողությունը դատական վարույթի մեջ է, ինքն ուժ չունի դեռեւս»,-ասաց Վլադիմիր Խոեցյանը:

Նշենք, որ ռեկտորը վարչության պետին առաջին նկատողությունը տվել էր ամբիոնի վարիչներից մեկի զեկուցագրի հիման վրա, ըստ որի ամբիոնի վարիչի համակարգչի հետ անսարքություն էր առաջացել, նա դրա մասին ահազանգել էր ՏՏ աշխատակիցներին, որոնք խոստացել, բայց այդպես էլ չէին այցելել ամբիոն` խնդիրը լուծելու:

Վլադիմիր Խոեցյանը նշեց, որ ռեկտորը երկրորդ նկատողությունը պարզաբանել է իր վատ հաճախումներով:

«Այն ընթացքում, որ ամբողջ օրը քրեական գործով էի զբաղված, ես խնդրել եմ, որ ինձ փոխարինեն համալսարանում, դրա համար ինձ նկատողություն է տվել, հանել գործից»,-ասաց նա` նշելով, որ ինքն այս նկատողությունը եւ աշխատանքից հեռացնելու որոշումը նույնպես պատրաստվում է վիճարկել Վարչական դատարանում:

Անդրադառանալով Ֆիզիկայի ամբիոնի նախկին վարիչ, իր մորեղբայր Աշոտ Խաչատրյանին ամբիոնի վարիչի եւ պրոռեկտորի պաշտոններից հեռացնելուն, Վլադիմիր Խոեցյանն ասաց, որ համոզված է` նման կերպ ռեկտորը հաշվեհարդար է տեսնում Աշոտ Խաչատրյանի հետ: 

«Ռեկտորն ակնկալում էր, որ Խաչատրյան Աշոտը պետք է ինձ կանչի, ասի` տղես, մի տուր իրանց դատախազություն, բայց Խաչատրյան Աշոտը դա չարեց,  ինքը փայլուն հասկանում էր, որ իմ անվտանգության խնդիրն ա, մտել են իմ աշխատասենյակ, փորձում են իմ դեմ գործ սարքեն»,-ասաց Խոեցյանը:

Վարչության նախկին պետը պնդեց, որ ռեկտորը Աշոտ Խաչատրյանին նույնպես օրենքի խախտմամբ է ազատել երկու պաշտոններից:

«Գիտխորհրդով ընտրված մարդուն առանց կոլեգիալ որոշման, ուղղակի ռեկտորի հրամանով պաշտոնից ազատելու իրավունք չուներ: Բացի այդ, ընդամենը երկու ամիս առաջ իր նախաձեռնությամբ բացված` պրոռեկտորի հաստիքի կրճատման հարց էր դրել գիտխորհրդի նիստում`ասելով,  թե նպատակահարմար չի գտնում, որ այդ հաստիքը լինի: Խայտառակված քվեարկություն անցկացրեց, որ տենց ընթացակարգ գոյություն չունի: Հերթով անունները կարդում էր, տեղից ասում էին` կողմ են, թե դեմ:  90 անդամ էր ներկա գիտխորհրդին, բայց 45 կողմ, 45 դեմ եղավ: Ռեկտորն, առանց արդյունքներն ամփոփելու, 10 րոպե ընդմիջում արեց, առողջական խնդիրներ ունեցող մի դեկանի տարավ ներսի սենյակ, հետո այդ մարդը փոխեց իր ձայնը, դարձավ 44 դեմ և 46 կողմ»,-ասաց Խոեցյանը`  նշելով, որ դա հակասում է Պոլիտեխնիկի կանոնադրությանը, ըստ որի նման որոշում կարող է ընդունվել գիտխորհրդի նիստում միայն այն դեպքում, երբ ոչ թե նիստին ներկա, այլ գիտխորհրդի անդամների 50 տոկոսից ավելին է կողմ քվերակում, մինչդեռ նիստին գիտխորհրդի անդամների միայն մի մասն է ներկա եղել:

Վլադիմիրի Խոեցյանը պատրաստվում է բաց նամակով դիմել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին եւ խնդրել, որ նա որեւէ լուծում տա Պոլիտեխնիկում ստեղծված իրավիճակին. «Խնդրելու եմ, որ ինքը վերանայի իր չխառնվելու քաղաքականությունը, որովհետեւ ռեկտորն արդեն բոլոր չափ ու սահմաններն անցել է, վտանգված է պոլիտեխնիկի մթնոլորտը: Պոլիտեխնիկի անվտանգության խնդիրն է: Եթե Պոլիտեխնիկն էլ վարի գնաց, մենք էլ ինժեներներ չաճացրինք, մենք լինելու ենք սպասարկման ոլորտի կադրեր աճացնող երկիր: Ու դրանից խուսափելու համար ես այսօր մինչեւ վերջ կռվելու եմ իրանց հետ»,-ասաց Վլադիրմիր Խոեցյանը:

ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Վլադիմիր Խոեցյանը աշխատանքից ազատվել է օրենքի համապատասխան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին համացանցում էր հայտնվել ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի  ֆեյսբուքյան էջի անձնական ինտիմ նամակագրությունը: Ռեկտորը հայտարարել էր, որ իր էջը կոտրել են, նա հաղորդում էր ներկայացրել ոստիկանությունում, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:

Ավելի ուշ Վլադիմիր Խոսեցյանը ահազանգել էր, որ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Սամսոն Զատիկյանը գիշերը մտնում է վարչության աշխատակիցների սենյակներ եւ խուզարկում դրանք: