Գյումրիում ռուս զինագործ, գեներալ Միխայիլ Կալաշնիկովի արձանի տեղադրումը ռուսական կողմի պատվերն էր, որն իրականացրին Հայաստանում Ռուսաստանի շահերը սպասարկողները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Անկախ Հայսաստանում ռուս կամ ցանկացած այլ ազգի զինագործի արձան տեղադրել նոնսենս է: Կալաշնիկովը որեւէ ներդրում չի ունեցել հայոց պետականության մեջ: Այո, մեր զինվորները օգտվում են այդ զենքից, բայց այդ զենքից օգտվում են նաեւ մեր հակառակորդները եւ աշխարհի շատ այլ ազգեր եւ պետություններ»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ հայ ազգը բազմաթիվ արժանավոր զավակներ ունի, որոնց արձանը կարելի է տեղադրել, սակայն այդ մարդկանց արձանները մինչեւ օրս չկան. «Դրա փոխարեն Հայաստանում տեղադրում են ռուս զինագործի արձանը, ինչը ապտակ է հայոց պետականությանը եւ վկայում է, որ հայոց պետականությունը գտնվում է խորը քաղաքական անկման մեջ»:
Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ ավելի լավ կլիներ տեղադրվեին նրանց արձանները, ովքեր մասնակցություն են ունեցել պետության կայացմանը:
«Մենք չունենք Արամ Մանուկյանի արձանը, դրա փոխարեն ոստիկանության շենքի առաջ նրա կիսանդրին է տեղադրված, ինչը նույնպես ապտակ է մեր պետականությանը, քանի որ Արամ Մանուկյանը եղել է առաջին հանրապետության հիմնադիրներից մեկը: Նույն բանն է կատարվում Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղ տեղադրված է Սուրեն Սպանդարյանի արձանը, մի մարդու, որը պայքարել է հայոց պետականության գաղափարի դեմ»,-ասաց Կիվիրյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում նոյեմբերի 7-ին բացվեց ռուս հայտնի զինագործ, գեներալ Միխայիլ Կալաշնիկովի արձանը։ Երեք մետրանոց քարե արձանի հեղինակն է Ռուբեն Նալբանդյանը:



























