Հայրենիքի պաշտպանության ժամանակ մարտիրոսված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիք օժանդակություն է ստանում օրենքով սահմանված կարգով: Այդ մասին մոսկովյան «Նոյան տապան» թերթին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ ՊՆախարար, ՊԲ հրամանատար,գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Անդրադառնալով շփման գծում ամռանը տեղի ունեցած իրադարձություններին՝ Հակոբյանը նշել է. «Իրականում այս տարվա հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտած զարգացումները, որոնք բացառապես պայամանավորված էին ադրբեջանական կողմի նախաձեռնած սադրիչ գործողություններով, հերթական անգամ ցույց տվեցին, որ ինչքան էլ պաշտոնական Բաքուն բարձրագոչի իր ռազմական հնարավորությունների մասին, այնուամենայնիվ հիմնախնդրի լուծման ուժային ճանապարհը հեռանկար չունի կամ անգամ, եթե ունի, ապա ոչ իր օգտին: Իսկ ինչ վերաբերում է վերոհիշյալ իրադարձություններից հետո առաջնային գծում ստեղծված իրավիճակին, ապա պետք է ասեմ, որ լարվածությունը բավականին նվազել է, կրճատվել են նաեւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը»:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված առաջնագծում արձանագրված աննախադեպ լարվածությունը, ԼՂՀ Պնախարարն ասել է . «Ոչ միայն այս տարի, այլեւ ընդհանրապես առաջնային գծում պարբերաբար ստեղծելով լարվածություն, Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն, ըստ իս, հիմնականում հետապնդում է հետեւյալ նպատակները, նախ` միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծել, որ պատերազմը դեռեւս ավարտված չէ եւ իր «կորցրածի» համար ինքը շարունակում է մնալ պահանջատեր, երկրորդ` պատերազմի անավարտության քողի տակ ապահովել ներքին քաղաքական հնազանդություն, եւ երրորդ` տարբեր նախահարձակ գործողություններով փորձել ստուգել ինչպես իր զորքերի պատրաստականությունը, այնպես էլ մեր բանակի պաշտպանունակության մակարդակը: Այնպես որ, ինչպես նախկինում, այնպես էլ այս տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից առաջնային գծում դրսեւորած ռազմական ակտիվությունը հիմնականում պետք է դիտարկել նշված երեք ուղղությունների համատեքստում»:
Նա նաեւ նշել է, թե հայրենիքի պաշտպանության ժամանակ մարտիրոսված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիք օժանդակություն է ստանում օրենքով սահմանված կարգով: «Պետությունն իր հնարավորության սահմանում ձգտում է գնահատել իր զինվորի կատարածը, ինչը դրսեւորվում է ինչպես նյութական, այնպես էլ բարոյական աջակցության տեսքով»,- ասել է Հակոբյանը:




























