Հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղաբաշխման անհրաժեշտությունը չկա: Այդ մասին մոսկովյան «Նոյան տապան» թերթին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ ՊՆախարար, ՊԲ հրամանատար,գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Խոսելով Ադրբեջանի ռազմական բյուջեի աճի մասին՝ Մովսես Հակոբյանը նշել է. «Ես ասել ու շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ ռազմական բյուջեի ծավալային աճը դեռեւս չի նշանակում ուժերի հավասարակշռության խախտում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դրանում նախատեսված ծախսային հատկացումները Բաքուն նպատակաուղղում է այն միջոցների ձեռքբերմանը, որոնց համարժեքն արդեն առկա է մեր զինանոցում: Ասեմ, որ ի տարբերություն Ադրբեջանի, որն իր քարոզչական խողովակով անընդհատ փորձում է ցանկալին ներկայացնել իրականի փոխարեն, մենք հակառակը` հանգիստ եւ առանց ավելորդ աղմուկի, շարունակում ենք հարստացնել եւ կատարելագործել մեր ձեռքի տակ եղած իրականը: Իսկ սա հզորանալու ամենաարդյունավետ ճանապարհն է, որը տանում է ոչ թե պատերազմի, այլեւ խաղաղության»:
Խաղաղարարների տեղակայման հնարավորության մասին էլ Արցախի ՊՆախարարը նշել է. «Ես համոզված եմ, որ հակամարտության գոտում խաղաղարար ուժերի տեղաբաշխման անհրաժեշտությունը չկա: Արդեն քսան տարուց ավելի է, ինչ այդ կարեւոր առաքելությունը լավագույնս իրականացնում է Արցախի պաշտպանության բանակը»: Նա ընդգծել է, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագան տեսնում է լուսավոր ու պաշտպանված: «Մենք այսօր ունենք կայացած ու պաշտպանված պետություն եւ, որ շար կարեւոր է, եղածը զարգացնելու վճռականություն: Այնպես որ, ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես մեր ժողովուրդն է ցանկանում»,- ասել է նա:




























