Նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում վթարի ենթարկված երթուղային «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը պատկանում էր ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի «Տրանս ակնթարթ» ընկերությանը։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մարտուն Գրիգորյանը հայտնեց, որ իր տեղեկություններով միկրոավտոբուսը սարքին է եղել, արագությունը՝ նորմայի սահմաններում, ընթացել է իր ուղղությամբ՝ առանց խախտում անելու, բեռնատարը եկել է Արթիկի կողմից, «Գազելը»՝ Մարալիկի, խաչմերուկում բեռնատարը չի զիջել ու հարվածել է «Գազելին»։
Բեռնատարի վարորդը, ըստ Մարտուն Գրիգորյանի, փորձառու է եղել. «Ականատես վարորդները ինձ պատմեցին, որ «Գազելը» որեւէ խախտում չի արել։ Մարալիկում մի պահ կանգնել է, ուղեւոր իջեցրել եւ շարունակել ճանապարհը, ու հետո խաչմերուկում էդ դեպքը պատահել է»,- ասաց Մարտուն Գրիգորյանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Վիրավորների թվում կա նաեւ 14 տարեկան երեխա, որի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է։
.jpg)
(2).jpg)





























