Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն Օմբուդսմենի գրասենյակում ընդունեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին եւ վերջիններիս ուղեկցող պատգամավոր Արամ Մանուկյանին:

Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե զոհերի հարազատները եւ Ազգային ժողովի պատգամավորն իրենց խորը մտահոգությունն ու դժգոհությունը հայտնեցին Մարտի 1-ի դեպքերի քննության գործում առաջընթացի բացակայությունից: Նրանք նշեցին, որ վստահություն չունեն իրավական գործընթացի նկատմամբ: Զոհերի ծնողներն Օմբուդսմենին առաջարկեցին շարունակել խնդրի մասին բարձրաձայնել մարդու իրավունքների եվրոպացի հանձնակատարների հետ հանդիպումների ժամանակ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը խնդրի վերաբերյալ Մարտի 1-ի զոհերի ծնողներին ներկայացրեց մի քանի առաջարկ: Միաժամանակ Պաշտպանը պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների եւ օրենսդրության շրջանակներում աջակցել գործի ընթացքին: