Փաստը, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայաստանյան այցի ընթացքում Մարտի 1-ի թեման չարծարծեց,  պայմանավորված է  աշխարհաքաղաքական շահերով։ Այս մասին հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին՝ ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ Քլինթոնն այդպես էլ ոչ մի խոսք չասաց ետմարտիմեկյան  իրավիճակի, քաղբանտարկյալների առկայության մասին թե՛ հայաստանյան հասարակական կազմակերպությունների, թե՛ իշխանությունների հետ հանդիպման ժամանակ։

Սաֆարյանի խոսքով, այն, որ Քլինթոնը հ/կ-ների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում խոսել է ժողովրդավարության, խոսքի ազատության, մասնավորապես՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների անթույլատրելիության մասին, եւս կարեւոր է, քանի որ ժողովրդավարության մասին Քլինթոնի ելույթը ներառում է նաեւ Մարտի-1-ն ու ետմարտիմեկյան իրավիճակը։ «Իհարկե, ցանկալի կլիներ, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ այդ թեմաներն ավելի հստակ արծարծվեին»,-նկատեց Սաֆարյանը՝ միաժամանակ հավելելով, որ Մարտի 1-ի թեման կոնկրետ եւ խիստ ձեւակերպումների տեսքով  առայժմ չի բարձրացվում՝ աշխարհաքաղաքական որոշակի շահերից ելնելով։