Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանին օրերս «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի մասնագետները բուժում են նշանակել, քանի որ ուժեղ սթրեսների հետեւանքով կորցրել է քունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսենի մայրը՝ Սվետլանա Խոջոյանը:

«Արսենի վիճակն արդեն բավարար է, բայց մաշկային խնդիրները դեռ չեն անցել, դեղեր է ստանում, ժամանակ առ ժամանակ Երեւան է գալիս՝ հիվանդանոցից դեղորայքը ստանալու: Բացի դրանից՝ «Ավան» հոգեբուժարանի բժիշկն էլ է դեղեր նշանակել, գիշերները չի կարողանում քնել»,- ասաց տիկին Սվետան:

Նրա խոսքով՝ առողջապահության նախարարությունն է հոգում բուժման ծախսերը:

Նշենք, որ օգոստոսի 30-ից Արսեն Խոջոյանը երկու անգամ ընդունվել է հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել էր «վուլգար փսորիազ» հիվանդությունը:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես: