NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել 4 չինուհիներին սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ: Մեր աղբյուրները հայտնեցին, որ երկու չինացի՝ կին եւ տղամարդ Չինաստանից խաբեությամբ եւ տնային պայմաններում աշխատանք կատարելու խոստումով Հայաստան են բերել երիտասարդ չինուհիների: Գալուց անմիջապես հետո նրանց մոտից վերցրել են անձնագրերը, պահել չաշխատող մի ռեստորանում, որտեղ ննջասենյակներ են եղել: Չինուհիներին անընդհատ ասել են, թե այս անգամ էլ արեք ձեր գործը, կվերադառնաք, սակայն այդպես խաբեությամբ շուրջ 2 ամիս շահագործել են նրանց: Այժմ երիտասարդ աղջիկները գտնվում են թրաֆիքինգի զոհերի կացարանում, սպասում են փաստաթղթային գործընթացին, որպեսզի մեկնեն Չինաստան: Իսկ կալանավորված չին կինն ու տղամարդը գտնվում են մեկուսարանում: Հայաստանը նրանց չի արտահանձնի, հանցագոծությունը տեղի է ունեցել մեր երկրի տարածքում:
Ի դեպ, շատ հնարավոր է, որ չինացիները ունեցել են հայ մեղսակիցներ, որոնք բնականաբար պատահական մարդիկ չեն լինի: Նման ենթադրություն անելու համար հիմք է հանդիսանում նաեւ այն հանգամանքը, որ նրանք երբեւէ Հայաստանում չէին եղել եւ չէին էլ պատկերացնում, թե ինչ երկիր են եկել:
Հիշեցնենք, որ NEWS.am-ի տեղեկություններով դեկտեմբերի 10-ին վաղ առավոտյան երեւանյան հյուրանոցներից մեկից ոստիկանություն են տարվել մի խումբ չինուհիներ: Նրանք հյուրանոցում աշխատել են որպես մերսողներ:
Նախնական տեղեկություններով նրանց ոստիկանության տանելը պայմանավորված է եղել իրենց Հայաստան բերող անձի գործով, ով կասկածվում է աշխատանքային շահագործման ենթարկելու մեջ: Չինուհիները միայն մերսման աշխատանքով չեն զբաղվել: Ավելի ուշ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների կողմից, նախնական համաձայնությամբ, Երեւանում մարդկանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ։
Քննության տվյալներով՝ ՉԺՀ-ի քաղաքացիներ Չյուին եւ Վանգին Երեւան քաղաքում կամ Վրաստանի Հանրապետությունում բարձր վարձատրվող աշխատավարձով մերսման աշխատանքով ապահովելու կեղծ խոստումով` խաբեությամբ, իրականում` Երեւանում սեռական շահագործման ենթարկելու դիտավորությամբ, 2014թ. հոկտեմբերին Չինաստանում հավաքագրել եւ Երեւան են տեղափոխել ՉԺՀ 4 քաղաքացիների։ Վերջիններս պահվել են Երեւանի Լենինգրադյան փողոցի վրա գործող հյուրանոցային համալիրում եւ մինչեւ դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածը ենթարկվել սեռական շահագործման։
Դեպքի առթիվ դեկտեմբերի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով։ Նույն օրը ձերբակալվել են ՉԺՀ քաղաքացիներ Չուան Ճոնգ ճիի Վանգը եւ Լիեն Ֆընգ Վան Չունի Չյուին՝ համապատասխանաբար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու եւ ավելի անձանց սեռական շահագործման ենթարկելու (ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետեր) եւ նշված հանցագործությանն օժանդակելու (38-132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետեր) կասկածանքով։



























