Հայաստանն ու Վրաստանը միջպետական համաձայնագիր կստորագրեն Դեբեդ գետի վրայով անցնող սահմանային կամրջի կառուցման մասին: Նախագիծը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության՝ դեկտեմբերի 11-ի նիստի ընթացքում:  

Պայմանագիրը, մասնավորապես, նախատեսելու է շինարարության գործընթացում ներգրավված աշխատողների սահմանահատման կարգը, շինհրապարակի նշագծումը, այնտեղ ավտոմեքենայով, այդ թվում՝ բեռնատարներով մուտք գործելու կարգը, դրանք մաքսատուրքից ազատելու հարցը, ինչպես նաեւ բնապահպանական հարցեր:

Հիշեցնենք, որ Սադախլո եւ Բագրատաշեն բնակավայրերի միջեւ նոր կամրջի կառուցումը նախատեսված է 2013 թվականին մեկնարկած 60 մլն եվրո արժողությամբ ծրագրի շրջանակում: Հայ-վրացական սահմանային անցակետի վերազինումը ֆինանսավորվում է Եվրամիության դրամաշնորհային եւ այլ դոնորներից ստացված վարկային միջոցների հաշվին: Նախագծի համակարգողը ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն է (UNDP), իսկ Հայաստանի կառավարությունից՝ Ֆինանսների նախարարությունը: