ԱՄՆ-ը հստակ հասկացրել է, որ ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի  շարունակում: Հուլիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Կովկասի ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը հասկացրեց, որ իրենք Թուրքիայից կոնկրետ քայլեր են ակնկալում:

«Այն, որ ԱՄՆ-ը ողջունեց հայկական իշխանությունների քաղաքականությունը, վկայեց, որ ԱՄՆ-ը շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացմամբ»,- նկատել է Իսկանդարյանը: Նրա խոսքով, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը կբացվի, դա միայն ժամանակի հարց է: «Գոյություն ունի սահմանի անգամ նվազագույն բացման հնարավորություն՝ առանց վավերացման»,- նշել է փորձագետը:

Պատասխանելով հարցին, թե այդ համատեքստում կարելի՞ է  դիտարկել Հիլարի Քլինթոնի այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Իսկանդարյանը նշեց, որ նա չէր կարող չանել դա։ «Մեզ մոտ նա այցելեց Ծիծեռնակաբերդ, իսկ Բաքվում եղավ Շահիդների ծառուղում: Եթե նա չաներ դա, դիվանագիտական ապտակ կլիներ այս կամ այն կողմին»,- ընդգծել է փորձագետը: