Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում դանակահարության հետեւանքով վնասվածքներ ստացած դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ` 17-ամյա Տիգրան Գեւորգյանի առողջական վիճակում որեւէ առաջընթաց չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ արդեն 10 օր է, ինչ տղան կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառության ապարատին, վիճակը գնահատվում է ծանր: Բժիշկները հույս ունեն, որ ամեն ինչ լավ կլինի եւ տղան գիտակցության կգա: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, 17-ամյա Տիգրան Գեւորգյանը եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ն դանակահարվել էին: Նույն օրը երեկոյան 17-ամյա Նարեկ Ա.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին եւ Ռոբերտին: Կատարվում է քննություն: