Հայաստանը ԱՊՀ հաջողակ երկրների շարքում 4-րդն է, վկայում են Ռուսաստանում Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրանի անցկացրած հարցման արդյունքները: Ըստ դրանց՝ առաջատար եռյակը կազմել են Բելառուսը, Ղազախստանը եւ Ադրբեջանը:

Ուսումնասիրությունն անց է կացվել 2014թ. նոյեմբերին՝ ՌԴ 52 բնակավայրերում, 1,6 հազար մարդու շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

1-ին տեղում Բելառուսն է. ռուսաստանցիների 66%-ի կարծիքով այն ԱՊՀ երկրներից ամենահաջողակն է, 2-րդ տեղում Ղազախստանն է՝ 45% ցուցանիշով: Երկու երկրներն էլ այս ինդեքսում 2010թ. համեմատ դրական շարժ են գրանցել:

Երրորդ տեղում Ադրբեջանն է՝ 10% ցուցանիշով, հաջորդում են Հայաստանը (9%), Ղրղըզստանը, Վրաստանը, Մոլդովան (5%), Թուրքմենիան (4%):

Եթե մինչեւ 2013թ. 3-րդ տեղում Ուկրաինան էր, ապա այժմ դրա ցուցանիշն իջել է  երկու տոկոսի:

Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների ղեկավարների հանդեպ ռուսաստանցիների վստահությանը, ապա այստեղ առավել շատ վստահում են Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարներին:

Լուկաշենկոյի հանդեպ վստահությունը 61% է, Նազարբաեւինը՝ 38%: Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին միայն մեկ տոկոսն է վստահում:

Ի պատասխան հարցին՝ որ երկրներում են ամենաշատն ապահովված ռուսալեզու բնակչության իրավունքները, մեծամասնությունը կրկին նշել է Բելառուսն ու Ղազախստանը: