Ոչ մի քաղաքական ճամբարի չի թույլատրվում ինքնադատաստան տեսնել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ներկայացնելով հասարակական ու քաղաքական գործիչների վրա վերջին հարձակումների շուրջ հայտարարությունը:
«Չեմ ցանկանում տալ բոլոր տուժածների անունները, սակայն, բնականաբար, այն, ինչ տեղի է ունեցել, պետք է բոլորն իմանան. որ քաղաքական ճամբարից էլ նրանք լինեն, որքան էլ նրանց ներշնչեն, որ իրավունք ունեն ինքնադատաստան տեսնել, պետք է իմանան, որ ոչ մի հանդուրժողականություն չի լինի», - հայտարարեց Ռուստամյանը:
Մարդիկ, ովքեր հայ ժողովրդի համար ազատություն են ձեռք բերել, ուշադրության կարիք ունեն եւ հասարակությունում յուրաքանչյուրը պետք է իմանա. նրանց նկատմամբ բռնություն գործադրումը անընդունելի եւ խստորեն պատժելի է, հավելեց Արմեն Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում հարձակումների են ենթարկվել միանգանից մի քանի քաղաքական եւ հասարակական գործիչներ: Մի քանի օր առաջ ծեծի են ենթարկվել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանը, Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ի երեկոյան անհայտ անձը հարձակվել էր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա եւ հարվածել վերջինիս:




























