Արտարժույթի փոխարժեքի տատանումների հարցով հարկավոր են փակ քննարկումներ եւ բաց որոշումներ: Այս մասին դեկտեմբերի 16-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով, բնակչության համար արտարժույթի տատանման ռիսկերը հնարավոր են, օրինակ, արտարժույթով վարկերի վերադարձի հետ կապված: Հարկավոր է քննարկել, բայց միայն այն բանից հետո, երբ փոխարժեքը կկայունանա:
Նախարարը նաեւ հավելեց, որ խորհրդարանը դժվար թե լավագույն հարթակը դառնա մասնագիտական ձեւաչափով քննարկումների համար: «Բնականաբար, պատգամավորները հանդես կգան այդ հարցի շուրջ քաղաքական հայտարարություններով: Բայց վստահ չեմ, որ մասնագիտական դաշտում լուծումներ պետք է փնտրել հենց այստեղ»,- հայտարարեց Հարությունյանը՝ հավելելով, որ այդ հարցով քննարկումները պետք է լինեն փակ, որոշումները՝ բաց:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ից Հայաստանում դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացավ: Այս ընթացքում դրամն արդեն արժեզրկվել է ավելի քան մեկ երրորդով:



























