Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դեկտեմբերի 12-14-ին աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Մալոպոլսկի մարզ եւ Կրակով քաղաք, որտեղ ունեցած հանդիպումների ժամանակ քննարկել է զբոսաշրջության, փոքր եւ միջին ձեռներեցության, կրթության եւ այլ բնագավառներում համագործակցության հեռանկարները:

Մասնավորապես դեսպան Ղազարյանին ընդունել է Լեհաստանի Մալոպոլսկի մարզի նահանգապետ Եժի Միլլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել Լեհաստանի Մալոպոլսկի մարզի եւ Հայաստանի մարզերից մեկի միջեւ համագործակցության հնարավորություններին, ինչպես նաեւ զբոսաշրջության, փոքր եւ միջին ձեռներեցության, կրթության եւ այլ բնագավառներում համագործակցության հեռանկարներին:

Դեսպան Ղազարյանի հաջորդ հանդիպումը Կրակովի քաղաքապետ Յացեկ Մայխրովսկու հետ էր: Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, քաղաքապետը հիշատակել է անցյալ տարի Գյումրիի քաղաքապետի՝ Կրակով կատարած այցը՝ բարձր գնահատելով հայկական կողմի պատրաստակամությունը երկու քաղաքների միջեւ համագործակցությունը զարգացնելու հարցում:

Այնուհետեւ դեսպան Ղազարյանն այցելել է Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարան, որտեղ հանդիպում ունեցավ թանգարանի տնօրեն, հայագետ, պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի հետ: Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Ստոպկան դեսպան Ղազարյանին ներկայացրեց իր կողմից մինչ այժմ իրականացված հայագիտական աշխատանքներն ու ուսումնասիրությունները, ինչպես նաեւ տեղեկացրեց կազմակերպված տարբեր գիտաժողովների մասին: Քննարկվել են համալսարանի հետ փոխգործակցության հաստատման հնարավորությունները:

Դեսպանը ներկա է գտնվել Կրակովի Յագելոնյան համալսարանի թանգարանում տեղի ունեցած Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ քննարկմանը, որը նախագահում էր Վարշավայի համալսարանի դասախոս, Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Թոմաշ Կնոտեն, իսկ հիմնական բանախոսներն էին Հայ դատի երեւանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը եւ քաղաքագետ, լրագրող, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Արսեն Մելիք-Շահնազարովը: Քննարկմանը մասնակցում էին բազմաթիվ հայագետներ, ուսանողներ, դասախոսներ: Քննարկումից հետո դեսպան Ղազարյանը հանդիպեց Կրակովի Յագելոնյան համալսարանում սովորող հայ ուսանողներին եւ դասախոսներին:

Դեկտեմբերի 13-ին դեսպան Ղազարյանը Կրակովի հայկական կիրակնօրյա դպրոցում ներկա գտնվեց դպրոցի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը: Այցի շրջանակներում դեսպանն այցելեց Կրակովի կաթոլիկ եկեղեցի եւ եկեղեցապետի ուղեկցությամբ ծաղիկներ զետեղեց ավիավթարի զոհ դարձած Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկու եւ նրա տիկնոջ շիրիմներին: