Վիետնամի Հո Չի Մին քաղաքի ժողովրդական կոմիտեի քարտուղար (քաղաքապետ) Լե Հոանգ Քուանը այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ընդունել է Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանին եւ նրա հետ քննարկել երկկողմ համագործացությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդգծելով Հայաստանի եւ Վիետնամի միջեւ հաստատված ջերմ եւ բարեկամական հարաբերությունները` կողմերը քննարկեցին երկու երկրների միջեւ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Երեւանի ու ՀՀ այլ քաղաքների եւ Վիետնամի ամենախոշոր քաղաք եւ տնտեսական կենտրոն համարվող Հո Չի Մինի միջեւ համագործակցության հնարավորությունները առեւտրատնտեսական, ներդրումային, մշակութային-հումանիտար, կրթության ոլորտներում: Շեշտվեց համագործակցության արդյունավետ մեխանիզմների ձեւավորման անհրաժեշտությունը:

Դեսպան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Լե Հոանգ Քուանին հանդիպման հնարավորության համար եւ փոխանցեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Երեւան այցելելու հրավերը: ՀՀ քաղաքների եւ Հո Չի Մինի միջեւ գործընկերային հարաբերությունների հաստատման, ինչպես նաեւ քաղաքային կենսագործունեության տարբեր ոլորտներում համագործակցության ձեւավորման համար կարեւորվեց փոխայցելությունների հաճախակիացումը:

Լե Հոանգ Քուանն իր հերթին երախտիքի խոսքեր ուղղեց հայ ժողովրդին՝ նշելով, որ քաղաքն իր ներկայիս զարգացվածության մակարդակի համար էապես պարտական է նախկինում, այդ թվում` Հայաստանից, ստացված օգնությանը: Հոանգ Քուանը դեսպան Վարդանյանին ներկայացրեց վերջին տարիներին քաղաքի ունեցած ձեռքբերումները՝ վստահություն հայտնելով, որ կողմերը կկարողանան արդյունավետ համագործակցել, հատկապես արդյունաբերության, քաղաքաշինության եւ առողջապահության ոլորտներում՝ առաջարկելով կազմակերպել հայ գործարարների այց Հո Չի Մին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետեւողական քայլեր իրականացնել նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար: