Մոսկվան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Դոնբասում «երկրորդ Ղրիմ» չի լինի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ֆրանս-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մոսկվայում դեկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի հետ շփման ժամանակ կրկին հաստատել է այն, ինչը բազմիցս ասել է. «Ռուսաստանը պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, միանշանակ»,-ասել է Լավրովը:
Հարցին, թե դա վերաբերում է Ուկրաինայի հարավ-արեւելքին, եւ այնտեղ երկրորդ Ղրիմ չի՞ լինի, Լավրովը պատասխանել է. «Ղրիմը իր տեսակի մեջ յուրահատուկ էր, այն ռուսական հող է»:
«Դա բացառություն չէր, այլ ժողովրդի կամքը: Ռուսաստանի տեսանկյունից, Ուկրաինան, որը մենք հիմա ճանաչում ենք, տարածքային առումով ամբողջական է, եւ պետք է հաստատվի այդ տեսքով»,-հայտարարել է ռուսաստանցի նախարարը:




























