Հրապարակային վիրավորանքներն իշխանության հասցեին անցանկալի են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա նշել է, որ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի դեմ հարձակումը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում սեպտեմբերիյան հանրահավաքում նրա ելույթի պատճառով, որտեղ նա հայհոյել ր երկրի ղեկավարությանը: Բայց հայտարարություններին պատասխանել նմանատիպ գործողություններով բոլոր դեպքերում անթույլատրելի է, առանց որեւէ բացառության, ընդգծել է Վարդանյանը:

«Հանրահավաքի ժամանակ կրքեր են բորբոքվում, կարող է նաեւ այդպիսի բաներ հնչեն: Մենք ուզում ենք, որ նման բան չլինի, բայց չպետք է լինեն նաեւ նման պատասխան գործողություններ, ինչը պետք է խստորեն պատժվի»,-ասել է ՀՅԴ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին բռնության դեպքեր են գրանցվում ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների նկատմամբ: Մի քանի օր առաջ ծեծի էին ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Սուրեն Սարգսյանը: Իսկ դեկտեմբերի 11-ին, երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունը պարզել էր, որ հարվածողը եղել է 41-ամյա Արշակ Սվազյանը, որը սակայն բերման ենթարկվելուց հետո ազատ է արձակվել: