Թուրքիան ցանկանում է իմիտացիոն քայլերի միջոցով մոլորեցնել հանրային կարծիքը, եւ այդ քայլերը 2015թ, կշարունակվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Մասնավորապես, ըստ նրա, այն, որ 2014թ. Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայ ժողովրդին ցավակցություն էր հայտնել, իրականում դա արել էր այնպես, որ ի խորոց սրտի վիրավորել էր հայ ժողովրդին: «Նա հավասար նժարների վրա էր դրել օսմանյան իշխանությունների պետական քաղաքականության հետեւանք Հայոց ցեղասպանության միլիոնուկես զոհերին եւ պատերազմի ընթացքում կրած կորուստները», - բացատրեց Սաֆրաստյանը:
Թուրքագետի տեսակետից, նման էժան արարքները, որոնց նպատակն է մոլորեցնել հանրային կարծիքը, կշարունակվեն: «Մյուս կողմից էլ ես նոր միտում եմ տեսնում. Թուրքիայի իշխանությունները ձգտում են հարաբերություններ հաստատել հայկական սփյուռքի հետ, փորձել հասկանալ եւ որոշ չափով ազդել նրա վրա», - ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը: Պատահական չէ, նշել է նա, որ նման հայտարարությամբ է հանդես է եկել նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի օգնական Էթիեն Մահչուփյանը: «Այնպես որ, կարծում եմ, որ 2015 թ. նույնպես այս միտումը կշարունակվի: Սակայն վստահ եմ, որ թուրքական կողմի քայլերը հիմնված չեն իրական երկխոսության վրա, դրանց նպատակը Հայոց ցեղասպանությունը ճանաչումը եւ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումը չէ: Սակայն վստահ եմ, որ 2015թ. դրանք ոչ մի արդյունք չեն տա թուրքական իշխանություններին», - նշել է թուրքագետը:




























