Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չեն կարող լինել դրական տեղաշարժեր, եթե չկա վստահություն հակամարտության կողմերի միջեւ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀԱԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով. «Վստահություն ասելով նկատի ունեմ հնարավոր պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում դրա դրույթների կատարման պատրաստակամությունն ու կարողությունը»:

Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանի պարագայում չկա վստահություն, որ նա կպահի պայմանավորվածությունները, ինչը նա բազմիցս ցույց է տվել, ապա Հայաստանի մասով հիմնական խնդիրը՝ կարողությունների բացակայությունն է: «Սերժ Սարգսյանը չի վերահսկում իրավիճակը Հայաստանում այնպես, որ կարողանար ներկայացնել հասարակությանն իր մոտեցումները հակամարտության կարգավորման վերաբերյալ, փոխզիջումների մասին իր պատկերացումները: Նա չի կարողանում անցկացնել նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները, նրա թիմը ունակ չէ արձագանքելու մեկ այլ հանրապետական Կարեն Կարապետյանի խստագույն քննադատությանը ուղղված կառավարությանն ու Սերժ Սարգսյանին: Նման պայմաններում վերջինս չի կարող ներգրավվել լուրջ գործընթացի մեջ: Դա հասկանում են ոչ միայն հակառակորդը, այլեւ միջնորդները եւ դրանով է պայմանավորված, որ այժմ նրանք առանձնապես ջանքեր էլ չեն գործադրվում խաղաղ գործընթացում աշխուժություն մտցնելու համար»,-ընդգծել է Կարապետյանը:
ՀԱԿ անդամը նաեւ նշել է, որ ԼՂ հարցով բանակցությունները խորը փակուղում են, չկա որեւէ նախադրյալ դրանց արդյունավետ շարունակման , հատկապես հաշվի առնելով ուժգնացող արտագաղթը:

«Առաջիկայում որեւէ լուրջ փոփոխություն չի ակնկալվում, թեեւ ԱԳՆ փորձելու է բուռն գործունեության պատրանք ստեղծել, օգտվելով խաղաղ գործընթացի գաղտնի բնույթից»,-ընդգծել է նա: