Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ավտոշարասյունը խցանման մեջ է հայտնվել: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Նախագահի ավտոշարասյունը, ինչպես ընդունված է, ուղեւորվել է նախապես հաստատված երթուղով, որտեղ մեքենաների երթեւեկությունը սահմանափակվել է: Սակայն Բաքվի ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հասան Շիրինովի սխալի պատճառով բոլոր մեքենաները սխալ փողոց են թեքվել եւ հայտնվել խցանման մեջ: Արդյունքում Հասան Շիրինովը նախագահի ավտոշարասյան՝ խցանման մեջ հայտնվելու պատճառով երկրորդ անգամ պաշտոնանկ է արվել:

Նախորդ միջադեպը տեղի էր ունեցել, երբ Իլհամ Ալիեւը ուղեւորվում էր Վրաստանի դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու այդ երկրի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի մահվան առիթով:

Հասան Շիրինովի ավտոմեքենայի վարորդը շփոթել էր ճանապարհը եւ հայտնվել թունելում: Հետագայում վարորդին հեռացրել են ոստիկանության մարմիններից: