Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի հատուկ ծառայություններին կարգադրել է վերացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը երկրի ղեկավարության կողմից աջակցություն ցուցաբերելու մասին վկայող փաստաթղթերը` վախենալով Միջազգային դատարանի առաջ պատասխանատվությունից:  Այս մասին հայտնում է Սիրիայի ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով  թուրքական «Այդընլիք» թերթի հոդվածը:

Ըստ թերթի, Էրդողանին մտահոգում է ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի` Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման ու Արդարության եւ զարգացման կուսակցության կառավարության եւ «Իսլամական պետություն» խմբավորման միջեւ հավանական կապերի քննության հարցում որդեգրած ուղղությունը: Թուրքիայի նախագահը պետանվտանգության ծառայության պետ Հաքան Ֆիդանին կարգադրել է  ազատվել ապացույցներից եւ փաստաթղթերից, որոնք կարող են դատարանում ապացուցել իր ունեցած դերը Սիրիայում ահաբեկչությանն աջակցելու գործում:   

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկել է մի զեկույց, որից հետեւում է, որ  ահաբեկիչներին զենք եւ զինամթերք են մատակարարել Թուրքիայի սահմանով:  Զեկույցում նշվում է, որ «Իսլամական պետությունն»  ունի ժամանակակից ծանր զենք,  այդ թվում՝ 1980 – 90-ական թվականներից պահեստներում պահվող եւ ապօրինի ճանապարհով թուրքական սահմանով  տեղ հասցված տանկերը: