Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը զգուշացրել է զերծ մնալ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացումից: Իր դիրքորոշումը նա հրապարակել է «Bild am Sonntag» շաբաթաթերթի տված հացազրույցում, փոխանցում է  «Գերմանիայի ալիք» միջազգային ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Ըստ նրա՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցների հետագա խստացումը վտանգավոր է բուն Եվրոպայի համար: «Նրանք, ովքեր ցանկանում են էլ ավելի ապակայունացնել Ռուսաստանը՝ տնտեսական եւ քաղաքական  առումով, բոլորովին այլ շահեր ունեն», - նշել է Գաբրիելը, որը ԳԴՀ-ի կառավարությունում գլխավորում է  էկոնոմիկայի նախարարությունը: Նա բացատրել է, որ  Եվրոպայում եւ ԱՄՆ-ում կան ուժեր, որոնք ցանկանում են «վերջնականապես տապալել հակառակորդ գերտերությանը»: Գաբրիելը, սակայն, ընդգծել է, որ դա չի կարող բխել Գերմանիայի եւ Եվրոպայի շահերից: Ըստ նրա՝ եթե Ռուսաստանը չկարողանա գործընկեր լինել հակամարտությունների կարգավորման հարցում,  ապա դա պայթյունավտանգ հետեւանքներ կարող է ունենալ ողջ աշխարհի համար:  

Այսպիսով, Զիգմար Գաբրիելը պաշտպանել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի տեսակետը:  Սակայն Անգելա Մերկելը առայժմ միայն ավելի է խստացնում ՌԴ ղեկավարության դեմ ուղղված հռետորաբանությունը: