Չինաստանում կանխվել է խաբված ներդրողների զանգվածային ինքնասպանության փորձը: Չինաստանի հյուսիսի Շանսի նահանգի Շոչժոու շրջանի վենչուրային հիմնադրամի խաբված ավանդատուները սպառնում էին ցած նետվել վեցհարկանի շենքի տանիքից:
Հունվարի 4-ի առավոտյան ժ. 10-ին 12 մարդ բարձրացել են տեղի կառավարական շենքի տանիք եւ պահանջել, որպեսզի իշխանությունները միջամտեն իրավիճակին եւ վերադարձնեն Shanxi Heli հիմնադրամի կողմից իրենցից գողացված գումարները: Հիմնադրամի ղեկավար Մա Այբինը փողերը վերցրել եւ փախել է, փոխանցում է «Սինհուան »:
Քաղաքային պաշտոնյաները դեպքի վայր ժամանած ոստիկանների ու հրշեջների հետ կանխել են խմբակային ինքնասպանությունը: Տեղի իշխանությունները աշխատում են տուժածների հետ:
Հաղորդվում է, որ ձերբակալվել են վենչուրային հիմնադրամի երեք աշխատակիցներ, սակայն Մա Այբինը դեռ չի հայտնաբերվել:




























