Մալայզիայի AirAsia ավիաընկերության օդանավի վթարի զոհերի հարազատները 24 հազարական դոլար նախնական փոխհատուցում կստանան՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի դիմաց: 

Free Malaysia Today լրատվական կայքը հայտնում է, որ ուղեւորների հարազատները AirAsia-ից նամակներ են ստացել, որոնցում ավիափոխադրողը շարադրել է ֆինանսական փոխհատուցման մանրամասները:  Նամակում ընկերությունը նշել է, որ հատկացված միջոցները ընտանիքներին կօգնեն պայքարել  «ֆինանսական դժվարությունների դեմ»՝ որոնողական գործողության ժամանակահատվածում, եւ նման օգնությունը իրենց հարազատների զոհվելու  հաստատումը չէ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ինդոնեզիայի Սուրաբայայից Սինգապուր ուղեւորված Airbus օդանավը ռադարների էկրաններից անհետացել էր դեկտեմբերի 28-ին: Օդանավում եղել էր 162 մարդ: Երկու օր անց օդանավի բեկորները հայտնաբերել էին Ճավայի ծովում:

AirAsia-ի օդանավի վթարի ջրից դուրս բերված զոհերի թիվը հունվարի 4-ին հասել էր 34-ի: Սուրաբայա քաղաքում դատաբժշկական փորձագետները ճշտել են երեք զոհերի ինքնությունը, այդ թվում` ուղեկցորդներից մեկինը: