Նյու Յորքում մի քանի տասնյակ մարդիկ հունվարի 4-ին պիկետներ են կազմակերպել ռեստորաններում` ի նշան ոստիկանության կողմից դրսեւորվող ռասայական խտրականության դեմ բողոքի: Նրանք մտել են Մանհեթենի հայտնի հաստատություններ եւ ընթերցել սպիտակամորթ ոստիկանների կողմից սպանված զոհերի անունները:

«ԱՄՆ-ում 28 ժամը մեկ ոստիկանները մեկ սեւամորթի են սպանում: Մենք ցանկանում ենք վերջ դնել դրան», - հայտարարել է ցուցարարներից մեկը:  Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաեւ քալիֆոռնիական Օքլենդում, նախօրեին էլ` Բերքլիում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ոստիկանների դաժանության դեմ բողոքի զանգվածային ցույցերն ԱՄՆ-ում սկվել են անցյալ տարվա նոյեմբերի 24-ից, երբ հայտարարվել էր սպիտակ ոստիկան Դարեն Ուիլսոնին պատասխանատվության չենթարկելու ատենակալների դատարանի որոշման մասին, որն օգոստոսին Ֆերգյուսոնում սպանել էր 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին:

Դեկտեմբերի վերջին Նյու Յորքում աֆրոամերիկացին սպանել էր երկու ոստիկանի: Հունվարի 4-ին Նյու Յորքում տեղի է ունեցել սպանված ոստիկաններից 32-ամյա Վենյան Լյուի հուղարկավորությունը: Հուղարկավորությանը ժամանել էին տասնյակ հազարավոր ոստիկաններ՝ ողջ երկրից: Նյու Յորքի ոստիկանության սպաները բողոքել են քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին՝ ցուցադրաբար թիկունքը դեպի նա դարձնելով: