Հունվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Ուժգին քամուց կողաշրջվել է քաղաքի գլխավոր տոնածառը: 24 մետր բարձրությամբ տոնածառը տեղադրված էր քաղաքի կենտրոնական հրապարակում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տուժածներ չկան:
Փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց քաղաքում տարածված լուրերը, թե տոնածառի շրջվելը դիտավորության հետեւանք է:
«Պատճառն ուժեղ քամին էր, որեւէ դիտավորություն չի կարող լինել: Տոնածառը հոսանքազրկել ենք: Այդ քամու դիմաց տանկ էլ լիներ, շուռ կգար: Այժմ վերականգնողական աշխատանքներ են կատարվում, եթե ոչ նախկին տեսքին բերելու, ապա գոնե մասամբ ծառը վերականգնելու համար»,- ասաց նա:
Նշենք, որ քամին այնքան ուժգին է եղել, որ կոտրվել են ծառի երկաթյա կոնստրուկցիաները:

































