Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից տարածված տեղեկությունները՝ դիվերսիայի փորձը հերքելու վերաբերյալ: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հետեւյալը. «Աստված տա, որ մի քանի ժամ անշարժ դաշտում պառկած դիվերսանտի մարմինը վերջում պարզվի ողջ է կամ վիրավոր, բայց մյուս կողմից էլ սա լավ դաս է ՀՀ սահմանը խախտելու ցանկություն հայտնող կամ հարկադրանքի տակ դա անող ադրբեջանցի դիվերսանտների համար»:

Նշենք, որ տոնական օրերին Ադրբեջանը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը, երկու կողմից էլ այս օրերին եղել են բազմաթիվ զոհեր: Իսկ վերջին դեպքն այն էր, երբ Հայոց բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել եւ չեզոքացրել է Հայաստանի պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները: Հակառակորդի դիվերսիոն խմբի մի անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում: Ցավոք, փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաեւ տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը (ծնված 1935 թ.):