Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն նամակ է գրել արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային: Կաստրոն որոշել է նամակ գրել այն բանից հետո, երբ հեռուստատեսությամբ դիտել է Մարադոնայի վարած հաղորդումներից մեկը: Ուղերձում Կաստրոն իր մտորումներն է ներկայացնում որոշ խնդիրների մասին, որոնց այսօր բախվում է աշխարհը, հաղորդում է Telesur հեռուստաալիքը:
Ինքը՝ Մարադոնան հաստատել է, որ նման նամակ է ստացել՝ վստահեցնելով, որ Կուբայի ժողովուրդը միշտ կարող է հույս դնել իր աջակցության վրա: Նա նաեւ պատմել է, որ ուղերձում Կաստրոն «բարձրացրել է տարբեր քաղաքական հարցեր, որոնք ցուցադրում են իմպերիալիզմի ձախողումը Լատինական Ամերիկայում, հաղորդում է Lenta.ru-ն:
Մարադոնան հայտնի է իր ձախ քաղաքական հայացքներով: Նա բազմիցս հայտարարել է, որ ատում է Ամերիկան եւ աջակցում է Կաստրոյի եւ Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի քաղաքականությանը: Նախորդ շաբաթ Մարադոնան եղել է Հավանայում:




























