Ուզբեկստանը երբեք ԽՍՀՄ հիշեցնող միությանը չի անդամակցի, հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանի  նորընտիր օրենսդիր պալատի նիստում:

«Ներկայումս որոշ երկրներում խորհրդային հին համակարգին վերադառնալու փորձեր են ձեռնարկվում: Արտասահմանյան որոշ հեռուստաալիքներով ԽՍՀՄ ժամանակաշրջանի, լենինյան եւ ստալինյան շրջանների գովքն է հնչում: Ես ցանկանում եմ մեկ անգամ եւս հայտարարել. Նման մոտեցումը մեզ համար անընդունելի է: Մենք զարգացման մեր ուղին ունենք: Նման անցյալի վերադարձ չի լինի: Ուզբեկստանը ԽՍՀՄ հիշեցնող միությանը երբեք չի անդամակցի», — Քարիմովի խոսքերն է փոխանցում 12news.uz-ը:

CA-NEWS-ի փոխանցմամբ, երկիրը չի միանա Եվրասիական կամ Մաքսային միությանը, ինչպես նաեւ երբեք ռազմաքաղաքական դաշինքների անդամ չի դառնա:

Քարիմովը նաեւ հայտնել է, որ Ուզբեկստանն իր տարածքում արտասահմանյան ռազմաբազաների եւ օբյեկտների տեղակայում չի հանդուրժի. դա նախատեսված է Ուզբեկստանի արտաքին քաղաքական գործունեության հայեցակարգով, որն ընդունվել էր 2012թ.: