Հունվարի 7-ին ահաբեկիչների կողմից հարձակման ենթարկված Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի հերթական համարը լույս կտեսնի երեք միլիոն տպաքանակով: Այդ մասին պարբերականի գլխավոր խմբագիրը պատմել է Radio Canada-ին, գրում է CBC-ն:

Մինչեւ հարձակումը ամսագիրը տպագրվել է 60 հազար տպաքանակով, ընդ որում պարբերաբար իրացվել է մոտ կեսը: Վերջերս հաղորդվում էր, որ նոր թողարկումը կկազմի միլիոն օրինակ եւ բաղկացած կլինի 8 էջից՝ նախկին 16-ի փոխարեն:

Ինչպես հաղորդել են Messageries lyonnaises de presse (MLP) ընկերությունից, որը պարբերականների եւ թերթի կրպակների միջեւ որպես միջնորդ է հանդես գալիս, Charlie Hebdo-ի խմբագրությունը հսկայական քանակությամբ պատվեր է ստացել, հայտնում է AFP-ն: Նոր համարը լույս կտեսնի, չորեքշաբթի՝ հունվարի 14-ին: Դրանում կրկին կհրապարակվեն ծաղրանկարներ եւ կրոնական ու քաղաքական թեմայով այլ հրապարակումներ, հայտնում է Newsru-ն:

Պարբերականում աշխատող մարդիկ չեն շրջանցել նաեւ Մուհամեդ մարգարեին: Նոր համարում Մուհամեդը պահում է «Je suis Charlie» («Ես Շառլին եմ») գրառումով պաստառը, գրում է Liberation-ը: Նկարում կանաչ ֆոնի վրա պատկերված է իսլամի հիմնադրին բնորոշ սպիտակ հանդերձանքով պատկերված մորուքավոր մարդ:

Ծաղրանկարի հերոսի դեմքը թախծոտ է, նրա այտի վրա արցունք է երեւում: Էջի վերեւում տեղադրված է «Tout est pardonné» («Ամեն ինչ ներված է»)  գրառումը.

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակում է իրականացվել: Գրոհի արդյունքում 12 մարդ զոհվել է, այդ թվում՝ պարբերականի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեն: Հունվարի 9-ին անհայտ անձինք զավթել էին Փարիզում գտնվող խանութն ու տպարանը: Քուաշի եղբայրները մեկ պատանդ են վերցրել: Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել եղբայրներին: