Նախորդ՝ 2014թ. տեղեկատվական դաշտում ադրբեջանական հաքերների հարձակումները որակապես փոխվել, ավելի պրոֆեսիոնալ են դարձել: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Անվտանգության տեսանկյունից նախորդ տարվա ընթացքում 2013-ի համեմատ հարձակումներն ավելի քիչ էին, սակայն նախորդ տարին որակական փոփոխություններ բերեց: Ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական կողմում պրոֆեսիոնալիզմի աճ է նկատվում, ավելի պրոֆեսիոնալ են դարձել: Օրինակ եղան հարձակումներ, որոնք ավելի լուրջ մասնագիտական հմտություններ էին պահանջում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ 2014թ. հայ հաքերների կողմից նույնպես հարձակումներ եղել են թե ադրբեջանական, թե թուրքական կայքերի վրա, եւ, ի տարբերություն նախորդ տարիների, հայ հաքերները 2014թ. գործել են կազմակերպված հատուկ խմբերով:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ նախորդ տարիների պես այս տարի եւս ադրբեջանական կողմից պետք է պլանային հարձակումների սպասել հատկապես հունվարի 20-ից հետո, երբ Ադրբեջանում նշում են «Սեւ ուրբաթը»:
«Հունվարի վերջից մինչեւ փետրվարի վերջ պլանային հարձակումների պետք է սպասել, հետո, ամենայն հավանականությամբ, հարձակումներ կլինեն ապրիլի վերջին»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության տարելիցի օրերին վերջին հինգ տարիներին ադրբեջանական կողմի հարձակումները գերակշռում են թուրքականին:
Սամվել Մարտիրոսյանը տղեկացրեց նաեւ, որ մշտապես թիրախում են գտնվում Արցախի պետական կայքերը, որոնք կոտրվում են տարին մեկ-երկու անգամ:




























