Ռուսական մամուլն, ամենայն հավանականությամբ, երկրի ղեկավարությունից ինչ-որ «սիգնալի» էր սպասում՝ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության մասին բովանդակային նյութեր հրապարակելու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Եթե ընդհանուր նայենք, կտեսնենք, որ Գյումրիի իրադարձությունների մասին առաջին նորությունները գնացին լրատվական գործակալություններից որպես իրադարձային նորություն: Ավելի բովանդակային նյութրեը երկար ժամանակ չէին հրապարակվում: Հենց Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը եւ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ հանդես եկան, նոր սկսեցին գրել: Ակնհայտ էր, որ սիգնալի էին սպասում: Թե ինչո՞ւ է այդպես՝ չեմ կարող ասել, ենթադրում եմ, որ կան որոշակի կարեւոր դեպքեր, երբ չեն անդրադառնում, մինչեւ վերեւից համապատասխան արձագանք չլինի»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ` Բայանդուր գյուղի հատվածում:




























