Ասուանից մի քանի տասնյակ կմ հյուսիս՝ հնագույն Սիենայի Հեբել էս-Սիլսիլա վայրում հայտնաբերվել են 1,5 մետրանոց ուղղաձիգ պատի վրա փորագրված ծեսի պատկերներ:
Լունդսկի համալսարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն, տեսարանն իրենից ներկայացնում է երկու աստվածություններին՝ Ամոն-Ռային եւ Տոտին, փարավոնի կողմից նվիրաբերված ընծաների հանդիսավոր փոխանցումը:
Նախնական թվագրման արդյունքները պատկերը վերագրում են այսպես կոչված Երրորդ անցումային ժամանակահատվածին (մեր թվագրությունից առաջ 1070-664թթ.), որը նշանավորվում է փարավոնների իշխանության, ինչպես նաեւ կենտրոնացված եգիպտական պետության թուլացմամբ:
«Ընդհանրապես, այս երկու աստվածությունները (Ամոն-Ռա եւ Տոտ) բավականին հազվադեպ են հանդիպում միասին: Հստակ երեւում է բնութագրիչ թագը՝ Ռայի կրկնակի փետուրներով, ինչպես նաեւ Տոտին մատնանշող քաջահավի (իբիսի) գլուխն ու լուսնի սկավառակը, սակայն, ցավոք, փարավոնի պատկերն աղավաղված է», - ասում է դոկտեր Նիլսոնը, հայտնում է Vesti-ն:
Վերծանված գրությունները հաստատում են հնագետների ենթադրությունները: Պատի վրա գրված է. «Ամոն-Ռա՝ աստվածների արքան, տիրակալ…», ինչպես նաեւ «Տոտ՝ կրկնակի մեծ, տիրակալ...»:




























