Նավթի գները ռուսական տնտեսության դանդաղման առանցքային գործոն են, հայտարարել է ՌԴ Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը Գայդարյան 14-րդ ֆորումի ընթացքում:
«Տնտեսության դանդաղման առանցքային տրիգերները երեքն են. տնտեսության սեփական կառուցվածքային դանդաղում, Ռուսաստանի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակ եւ նավթի գներ. այս գործոնն առանցքային է», -նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:
Գրեֆը հայտարարել է, որ նավթի գինը երկար չի կարող պահպանվել մեկ բարելի դիմաց 40 դոլարի մակարդակում, սակայն նշել է, որ մեկ բարելի դիմաց 60-70 դոլար մակարդակում գները կարող են պահպանվել մի քանի տարի, փոխանցում է rbc-ն:
Լրագրողների հետ զրույցում Գրեֆը հայտարարել է, որ ներկայիս իրավիճակում բանկային ճգնաժամը «ամենաընդգրկունը» կլինի:
Ռուսաստանի տնտեսության համար նման հոռետեսական կանխատեսումը կիրականանա ներկայիս իրավիճակի, այսինքն՝ մեկ բարելի դիմաց 45 դոլար գնի պահպանման դեպքում, պարզաբանել է Խնայբանկի նախագահը:
Ըստ նրա՝ արդեն մեկ տարի անց պետության բաժնեմասը տնտեսությունում կարող է «դրամատիկ կերպով ավելանալ»: «Ըստ մեր հաշվարկների՝ մեկ բարելի դիմաց 45 դոլար արժեքի դեպքում ստիպված պետք է ձեւավորել շուրջ 3 տրլն ռուբլի պահուստ՝ 2015 թ. ընթացքում, – նշել է նա: - Դա նշանակում է, որ պետությունը կապիտալիզացնելու է բանկերը եւ բարձրացնելու իր բաժնեմասը դրանցում, իսկ բանկերը գնելու են արդյունաբերական ձեռնարկությունները եւ դառնան ֆինանսաարդյունաբերական խմբեր»: Գրեֆը նախազգուշացրել է, որ ողջ տնտեսությունը պետությունն է լինելու:




























