ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկում է իր երկրի համար տնտեսության զարգացման նոր մոդել ստեղծել: Գայդարյան ֆորումում նա հայտարարել է, որ էներգահումքային մոդելն արդեն իրեն սպառել է:
«Հին էներգահումքային մոդելն արդեն իրեն սպառել է: Դա բոլորն են հասկանում: Այն չի կարող կայուն աճ եւ իրական արտադրությունում ներդրումների խթան ապահովել», - հայտարարել է Մեդվեդեւը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ խոսքն այս պարագայում սոսկ արժույթի փոխարժեքի կայունացման եւ արտաքին ճնշումը հաղթահարելու մասին չէ: Ընթացիկ տնտեսական աճը, ըստ նրա, երկրի հնարավորություններին չի համապատասխանում:
Նա միաժամանակ հավելել է, որ Ռուսաստանը միտք չունի մեկուսացման ճանապարհով գնալու եւ տնտեսության մոբիլիզացիոն մոդել ստեղծելու:
«Մենք ահռելի ուղի ենք անցել հետխորհրդային կիսավեր տնտեսությունից մինչեւ արեւմտյան տիպի խոշոր տնտեսություն, եւ հրեշավոր սխալ կլիներ անցյալին վերադառնալը», - Մեդվեդեւի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:
Արժույթի փոխարժեքի տատանմանն անդրադառնալով՝ Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի ռուբլու ազատ փոխարկումից: Հակառակ դեպքում, ըստ նրա, երկրում արժույթի սեւ շուկա կձեւավորվի:




























