Հազիվ թե առաջիկայում Հայաստանում բարձրացվի գազի թանկացման հարցը: Այս մասին հունվարի 14–ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
Նշենք, դեկտեմբերի 17-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Գազպրոմ Արմենիայի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հայտնել էր, որ եթե առաջիկա ամիսներին արժույթների աճի միտումը պահպանվի եւ ըստ այդմ ավելանան ընկերության կորուստները, ապա դիտարկման արդյունքում որոշում կընդունվի սակագինը վերանայելու հարցով դիմելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ից հայկական դրամը զգալի թուլացրել է դիրքերը դոլարի եւ եվրոյի նկատմամբ: Եթե նոյեմբերի 23-ին, ըստ ԿԲ-ի փոխարժեքի, դոլարն արժեր 418,4 դրամ, ապա դեկտեմբերի 17-ին՝ 527,2 դրամ, իսկ այսօր՝ 477,04 դրամ:
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիան» գազը դոլարով է ստանում Ռուսաստանից, իսկ վճարումներն իրականացվում են էժանացած հայկական դրամով: Խոշոր սպառողների վճարումները (ամսական շուրջ 10 հազար խմ) դոլարով են, սակայն կազմում են ընդհանուր ծավալի մեկ երրորդ մասը միայն: Վճարումների մնացած 2/3 մասը հիմնականում բնակչությանն է բաժին հասնում եւ փոքր բիզնեսին, որոնք խոցելի են արժութային ռիսկերի նկատմամբ:




























