Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի մոտ առաջացած լարվածությունը թուլացնելու փորձ է արել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը։ Նա արդեն մոտ կես ժամ փորձում է համոզել այնտեղ հավաքված հազարավոր քաղաքացիներին՝ հեռանալ ռազմաբազայի տարածքից եւ բողոքի ակցիան տեղափոխել դատախազության մոտ։

Հավաքվածները մերժեցին Ասլանյանի առաջարկը՝ 15-20 հոգանոց խումբ կազմել եւ առանց լրագրողների ներկայության հանդիպում անցկացնել դատախազության շենքում։ Նրանք հրաժարվում են հեռանալ՝ պահանջելով իրենց երաշխիքներ տալ, որ գյումրեցի ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին խելամիտ ժամկետներում կհանձնեն հայկական կողմին։

Րաֆֆի Ասլանյանը փորձեց բացատրել, որ հայկական կողմը նախաքննությունը չի հանձնելու ՌԴ իրավապահ մարմիններին, Պերմյակովին արդեն հայկական օրենքներով ներգրավել են որպես մեղադրյալի, եւ հայկական կողմը շարունակելու է իր անկախ նախաքննությունը՝ անկախ այն բանից, որ նրան ձերբակալել են ռուս սահամնապահները։ Բազմությունից նաեւ հնչում էին Րաֆֆի Ասլանյանի հրաժարականի կոչեր։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը: