Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին այստեղ պատասխանատվություն ենթարկել չի նշանակում, որ նա կկանգնի ՀՀ դատարանի առջեւ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ Վալերի Պերմյակովի դատավարությունը կազմակերպելու երկու տարբերակ կա՝ այն քննի ՀՀ իրավասու դատարանը կամ էլ ՌԴ զինվորական 5-րդ կայազորի դատարանը: «Ելնելով հայտարարությունից առ այն, որ նա պատասխանատվության կենթարկվի եւ կդատապարտվի ՀՀ տարածքում, ենթադրում եմ, որ կլինի 2-րդ տարբերակը: Եթե կողմերը չգան համաձայնության ՀՀ իրավասու դատարանի կողմից գործը քննելու եւ դատապարտելու, ապա այն կքննի 5-րդ գառնիզոնի դատարանը, որի նստավայրը Երեւանում է, դատերն իրականացվում են Գյումրիում»,-ասաց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ ՀՀ տարածքում Վալերի Պերմյակովի դատավարությունը անցկացնելու առավելությունը այն կլինի, որ մամուլը, հասարակությունը կհետեւեն դրան:
Պատգամավորը նշեց, որ որպես նախկին փաստաբան եւ իրավապաշտպան՝ 2011 - 2012 թվականներին մի շարք գործերով զբաղվել է ռուս զինվորների պաշտպանությամբ, որոնք տարբեր զինվորական հանցագործություններ էին կատարել ռուսական բազայի տարածքում: «Այդ քրեական գործերի նախաքննությունը եւ դատաքննությունը անց էր կացվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գործող ՌԴ ռազմական քննչական մարմնի այնուհետեւ նույն տարածքում դատական նիստեր գումարող ՌԴ զինվորական 5-րդ գառնիզոնի դատարանի կողմից»,-ասաց պատգամավորը:
Իսկ թե այժմ որտեղ պետք է կրի պատիժը Վալերի Պերմյակովը, Էդմոն Մարուքյանն ասաց, որ դա քննարկման առարկա է, հնարավոր է այստեղ պատիժը կրի, կամ տեղափոխվի ՌԴ:
Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ:



























